Լրջագույն մտավորական, բանիմաց խմբագիր, առանձնակի
հայրենասեր. տեղի ունեցավ Րաֆֆի Հերմոն Արաքսի հուղարկավորությունը
![Լրջագույն մտավորական, բանիմաց խմբագիր, առանձնակի հայրենասեր. տեղի ունեցավ Րաֆֆի Հերմոն Արաքսի հուղարկավորությունը]()
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ պոլսահայ հայտնի լրագրող, «Արմենպրես» լրատվական գործակալության թուրքերեն լրատվության և հրատարակությունների ծառայության գլխավոր խմբագիր Րաֆֆի Հերմոն Արաքսի վերջին հրաժեշտի արարողությունը: Նրան հրաժեշտ տալու եկել էին բազմաթիվ հասարակական գործիչներ, մտավորականներ, հարազատներ ու ընկերներ:
«Արմենպրես»– լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշեց, որ ծանր է պատկերացնել, որ բազմաթիվ ծրագրերի ձեռնամուխ եղող անձն այլևս ողջ չէ:
«Թուրքերենի ողջ խմբագրության հետ միասին շատ սեղմ ժամկետում կարողացանք կազմակերպել այդ բաժնի աշխատանքները և ծանր է գիտակցել, որ նա այլևս մեզ հետ չէ: Օրեր առաջ նոր նախաձեռնություններ էինք քննարկում, Րաֆֆին էլ իր գործին նվիրվել էր մեծ պատասխանատվությամբ: Մենք կորցրել ենք լրջագույն մտավորականի, գործընկերոջ, բանիմաց խմբագրի, ում բացակայությունը գործակալության և իրեն ճանաչողների համար զգալի ու տեսանելի է լինելու»,- ասաց Անանյանը:
ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտեց, որ ինքը Րաֆֆիի հետ ծանոթ է եղել շուրջ 30 տարի:
![]()
«Ծանոթացել եմ իր հետ, երբ առաջին անգամ Հայաստան էր եկել: Նա այդ ժամանակ փորձեց իր հնարավորություններն օգտագործել Հայաստանի լրագրության ասպարեզում: Աշխատել է «Ազգ» թերթում: Նա ոչ միայն լրագրության, այլև արվեստի, գրականության ոլորտներում էր իրեն դրսևորում: Րաֆֆին փորձում էր այնպես անել, որպեսզի կարողանա Հայաստանը ներկայացնել սփյուռքում, մյուս կողմից էլ ձգտում էր սփյուռքը ներկայացնել Հայաստանում: Նա անհանգիստ մարդ էր, մշտապես գործում էր, օգտագործում էր թուրքերենի, ֆրանսերենի, անգլերենի իմացությունն ու այդ ճանապարհով փորձում էր մեր ազգային նվիրվածությունը ցույց տալ: Այդ ամենը երևում էր իր հրապարակումներում»,- ասաց Երիցյանը և հավելեց, որ Րաֆֆին եղել է առանձնակի հայրենասեր, Հայաստանին նվիրված մարդ անհատականություն:
Տայք Միրիջանյանն էլ, ով Րաֆֆի Հերմոն Արաքսին ճանաչում է դեռ շատ վաղուց, նշեց, որ կորուստը մեծ— է ու ցավալի:
![]()
«Մենք մանկուց ճանաչում էինք իրար, մեր հայրերն ընկերներ էին և տարիների բարեկամական կապ կար մեր միջև: Կարող եմ ասել, որ կարևոր անձնավորություն կորցրինք, Պոլսի համայնքի համար շատ մեծ նշանակություն ուներ Րաֆֆին: Նա շատ ուղիղ խոսող մարդ էր, դիմացինին էլ մշտապես ցանկանում էր որևէ բանով օգտակար լինել»,- ասաց Տայք Միրիջանյանը:
Թուրքագետ Գևորգ Կալլոշյանն էլ ընդգծեց, որ չափազանց մեծ կորուստ էր Րաֆֆի Հերմոնի անժամանակ մահը:
![]()
«Ես նրան վերջն տարիներին եմ ճանաչել՝ չնայած նրան, որ բավականին ընդհանուր ծանոթներ և ընկերներ ենք ունեցել: Մի քանի տարում նրանից միայն դրական տպավորություններ եմ ունեցել, ջերմ, ընկերական հարաբերություններ ենք ունեցել մշտապես, չնայած տարիքային մեր մեծ տարբերությանը: Մենք նոր էինք սկսել «Արմենպրես»-ում թուրքերեն լրատվության բաժնի աշխատանքները, որն իր վաղեմի երազանքն է եղել, սակայն ճակատագիրը չար կատակ խաղաց: Մեր նախաձեռնության հենց սկզբին մենք կորցրինք Րաֆֆիին, մեր խմբագրին, ընկերոջը, ուղղակի կենսախինդ մի մարդու, ով դեռ կարող էր շատ օգտակար լինել շատերիս»,- ասաց Կալլոշյանը:
Րաֆֆի Հերմոն Արաքսը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 2-ին Ստամբուլում: Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի հիմնադրած «Ակoս» պարբերականի առաջին լրագրողներից էր: Թուրքիայում Րաֆֆի Հերմոն Արաքսը տարբեր տարիներ որպես լրագրող է աշխատել նաև «Մարմարա» հայկական պարբերականում, ապա նաև «Վաթան», «Դեմոկրատ», «Ջումհուրիեթ», «Սթար» և մի քանի այլ պարբերականներում, թղթակցում էր պոլսահայ «Լույս TV»-ին:
1980 թ. Փարիզում ընդունվել և ավարտել է Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտը (INALCO):
Թուրքիայի հայկական համայնքում որպես լրագրող մեծ փորձառություն ձեռք բերած Րաֆֆի Հերմոն Արաքսն արդեն տևական ժամանակ գործունեություն էր ծավալում Հայաստանում: 2021 թ. հուլիսից ստանձնելով «Արմենպրես»-ի թուրքերեն լրատվության ու հրատարակությունների ծառայության գլխավոր խմբագրի պաշտոնը՝ վարում էր նաև «Արմենպրես»-ի թուրքերեն պոդքասթները՝ «Րաֆֆի Հերմոն Արաքսի զրույցի խոսքեր» ձայնային ծրագիրը:
Րաֆֆի Հերմոն Արաքսը մահացել է օգոստոսի 11-ին:
|
![May be an image of Raffi Hermon Araks, flower and outdoors]()
![May be an image of outdoors]()
![May be an image of one or more people and indoor]()
![No photo description available.]()
|
|